Լավրովի այցն ու Հանրայինի հակառուսական քարոզչությունը. մասնագետը` ՀՀ քաղաքականության մասին
Մայիսի 21, 2025

Լավրովի այցն ու Հանրայինի հակառուսական քարոզչությունը. մասնագետը` ՀՀ քաղաքականության մասին

Տպավորություն է, թե աջ ձեռքը չգիտի` ձախն ինչ է անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցին ընդառաջ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում տարվող հակառուսական քարոզչությունը։

Նշենք, որ Լավրովի այցի նախօրեին` մայիսի 19-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՌԴ–ին ուղղված քննադատության համատեքստում հայտարարել էր, թե ինքը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տարբերություն չի տեսնում։

Գարիկ Քեռյանի համար եվրոպամետ քաղաքական գործչի այս արտահայտությունն ուղղակի անընդունելի է։

«Եթե Հայաստան է գալիս աշխարհի թիվ մեկ միջուկային գերտերություններից մեկի ԱԳ նախարարը, որից հետո նաև օրենսդիր մարմնի ղեկավարը, նշանակում է, որ ամեն դեպքում Հայաստանի պետական քաղաքականության մեջ ընդունելի է և նույնիսկ ուշադրւթյան կենտրոնում է այդ երկրի հետ համագործակցության և շփումների ձևաչափը։ Եվ դրան զուգահեռ հնչող հակառուսական թեզերը երկվության տպավորություն են ստեղծում։ Եթե ՀՀ իշխանությունները որոշել են լրիվ խզել կապերը ՌԴ–ի հետ, բնականաբար, պետք է չհյուրընկալեն նաև նման բարձրաստիճան պաշտոնյաներին։ Եթե հյուրընկալում են, ապա նման քարոզչության տարածումն ուղղակի անհասկանալի է»,– նշում է մասնագետը։

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` Հայաստանի ներկայիս փխրուն անվտանգային միջավայրում հակառուսական թեզերի տարածումը հատկապես հանրային քարոզչամիջոցներով անթույլատրելի է և անտրամաբանական, այնինչ

հանրային լրատվամիջոցներով ամբիոն է տրամադրվում հիմնականում հակառուսական դիրքորոշմամբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

«Ռուսաստանն ու Հայաստանը, անկախ ամեն ինչից, այսօր մնում են նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ։ Բացի ՌԴ–ից, հարավկովկասյան տարածաշրջանում այսօր մեկ այլ երկիր չունի գերակա խոսքի և գերակա քաղաքական քայլեր անելու հնարավորություն և ռեսուրսներ։ Եվ, գիտակցելով այս ամենը, եթեր հեռարձակել հակառուսական թեզիսներ, ես համարում եմ անընդունելի»,– ասում է վերլուծաբանը։

Նա նշում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար հենման կետ է տարածաշրջանում, Ռուսաստանի ռազմաբազան մնում է Հայաստանում, և Ռուսաստանը ոչ մի նպատակ չունի այն հանելու։ Դրանից բացի, Ռուսաստանն այն երկիրն է, որը վերջին 100–ամյակում եղել է հայկական պետության կամ հայկական տարրի հովանավորը, ոչ թե թշնամին։

«Հիշենք, որ Հայաստանի 1–ին հանրապետության կործանման պատճառը հենց Թուրքիան էր։ Իսկ 2020թ–ի պատերազմը Ադրբեջան–Թուրքիա ռազմական համագործակցության անմիջական հետևանքն էր։ Այսօր էլ Թուրքիան չի թաքցնում, որ Հարավային Կովկասում իր թիվ մեկ խնդիրը Ադրբեջանի շահերն ապահովելն է, իսկ Ադրբեջանի պաշտոնական հայեցակարգը հայկական պետության վերջնական դուրսմղումն է տարածաշրջանից։ Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է Թուրքիան համեմատել Ռուսաստանի հետ»,– հռետորական հարցադրում է անում Քեռյանը։

Հիշեցնենք` մայիսի 20-21-ին աշխատանքային այցով Երևանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և մի շարք հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։

ՀՀ–ն «հակառուսական ստրիպտիզի» հաշվին ուզում է դիվիդենտ ստանալ Արևմուտքից. քաղաքագետ

Հավելենք, որ ավելի ուշ (նախնական պայմանավորվածությամբ` հունիսի 5-6-ին) սպասվում է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։

Rate this item
(0 votes)

Լրահոս